Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել նկարիչներ Գևորգ Ընծա Բաբախանյանի և Վաչագան Դոն Ալոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:
Ստեփանակերտում բացվել է Գևորգ Բաբախանյանի և Վաչագան Ալոյանի նկարների ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսը կրում էր «Վրձնի զարկ» խորագիրը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով ողջունել ու շնորհավորել է նկարիչներին Արցախում կազմակերպված ցուցահանդեսի համար:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուսանկարիչ Գևորգ Ընծա Բաբախանյանն ասել է, որ մեծ ուրախություն է ապրում առաջին անգամ Արցախում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:
«Աշխարհի շուրջ 30 երկրներում կազմակերպվել է իմ նկարների ցուցահանդեսը: Բայց ես չէի կարող չգալ Արցախ ու նրա ժողովրդին չներկայացնել իմ աշխատանքները: Ես բոլոր թելերով կապված եմ այս երկրի հետ, հատկապես՝ Հադրութի: Ինձ մոտ միշտ արցախյան ինչ-որ բան պետք է լինի»,- նշել է Գ. Բաբախանյանը:
Լուսանկարիչ Վաչագան Դոն Ալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր Դոն գրական կեղծանունը Դոն Կիխոտի անվան մասն է, որը նրան ստեղծագործելու շունչ է տալիս:
«Իմ բոլոր նկարներն ունեն իրենց առանձնահատուկ պատմությունները: Ես մեկ նկարի մեջ ներկայացնում եմ մի քանի տարբեր պատմություններ: Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Արցախում, հատկապես՝ այս ծանր օրերին: Ուզում եմ, որ մարդիկ օրվա մեջ հինգ րոպեով կտրվեն իրականությունից և շրջեն արվեստի աշխարհով»,- ասել է Վ. Ալոյանը:
Միջոցառման վերջում պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը լուսանկարիչներին պարգևատրել է պատվոգրերով՝ Արցախում մշակույթի զարգացման, տարածման և պատկերասրահի ֆոնդը արժեքավոր աշխատանքներով համալրելու համար: