ԱՀ Մարտունու շրջանի Կավահան համայնքը 44 բնակիչ ունի. պատերազմից հետո հարազատ բնօրրանից հեռացողներ չեն եղել։
Կավահան. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրույցում ասել է Կավահանի համայնքապետ Սենորիկ Հակոբջանյանը:
«Գյուղի ազատ բնակֆոնդում 6 տուն ունենք, որոնք կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին: Շատ ուրախ կլինենք, եթե նրանք հաստատվեն նաև մեր համայնքում։ Համայնքապետարանի շենքում են տեղակայված բուժկետը, հանդիսությունների սրահն ու դպրոցը, որտեղ սովորում է 4 աշակերտ. շինության տանիքը վնասվել է 44-օրյա պատերազմի հետևանքով: Պատերազմի հետևանքով երկու բնակելի տուն մասնակի վնասներ է կրել, գյուղամիջյան ճանապարհներն էլ բարեկարգման կարիք ունեն: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ»,- ներկայացրել է Ս. Հակոբջանյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում համայնքը,, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չի ունեցել:
Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ 357,18 հա գյուղատնտեսական նշանակության տարածք ունեն, որտեղ բնակիչները զբաղվում են հողագործությամբ։