ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը առաջիններից էր Արցախում, որ 44֊օրյա պատերազմից հետո կարողացավ արագ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ 2020թ. նոյեմբերի 23-ի դրությամբ մոտ 23 ուսուցիչներով և 80 աշակերտներով անցնել բնականոն ռեժիմին:
Հաթերքի դպրոցում շարունակում են ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել աշակերտներին. տնօրեն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը:
«Աշակերտների թիվն աստիճանաբար մեծացավ. այս ուսումնական տարում մենք ունենք 328 աշակերտ: Իհարկե, պետք է նշել, որ դպրոցն ընդունել է տեղահանված ընտանիքների մոտ 28 երեխաների։ Մեր ուսուցիչները բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, սակայն դա չի խանգարում դպրոցում նոր կադրեր, մասնավորապես՝ բնագիտական առարկաների մասնագետներ ընդունելուն: Մեր երեխաները ավելի շատ զարգացած են հումանիտար ուղղությամբ, բայց նրանք «աշխարհագրություն», «կենսաբանություն» առարկաներից գրանցել են հաջողություններ՝ մասնակցելով շրջանային, հանրապետական օլիմպիադաներին և ՀՀ֊ում կայացած եզրափակիչ փուլին՝ արժանանալով պատվոգրերի ու դրամական պարգևների: Մենք ունենք աշակերտների մի բանակ, որը պարտաճանաչ, սիրով պատրաստվում է դասերին և գրանցում հաջողություններ ուսման բնագավառում, ինչը հայրենասիրության վառ ապացույց է: Մենք շարունակում ենք ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել մեր աշակերտներին, և, փառք Աստծո, ունենք հայրենասեր սերունդ, ինչն ապացուցեց պատերազմը», - ասաց Ն. Միրզոյանը:
Տնօրենի խոսքով՝ դպրոցում մեկնարկել է երկարօրյա ուսուցման ծրագիրը. սկզբնական շրջանում դժվարություններ կային, բայց արդեն հունի մեջ են ընկել:
Մեր զրուցակիցը որպես խնդիր առանձնացրեց սպորտդահլիճի չվերանորոգված լինելը։