Նախօրեին ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում տեղի է ունեցել «ՕՍՄ» հիմնադրամի կողմից կառուցված նոր խաղահրապարակի բացումը։
Մուշկապատը նոր խաղահրապարակ ունի ( լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «ՕՍՄ» հիմնադրամի հոգաբարձու Արսեն Աբրահամյանն ասաց, որ խաղահրապարակի կառուցման նախագիծը կառույցին է ներկայացվել «Ես» կրթական հիմնադրամի դասընթացավար Լուիզա Ավանեսյանի կողմից:
«Նախագիծը մեր հիմնադրամին է ներկայացվել մինչ պատերազմը:
Դեռ այն ժամանակ քննարկել էինք այդ հարցը և հասկացել, որ Արցախում նմանատիպ խաղահրապարակները պետք է ավելի շատ լինեն, որ երեխաները ժամանցի վայրեր շատ ունենան:
Ուրախալի է այն փաստը, որ պատերազմի պատճառով կիսատ մնացած նախագիծը այսօր հասել է իր տրամաբանական ավարտին: Աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի երեխաները, ինչը ոգևորիչ է»,- նշել է Ա. Աբրահամյանը:
Մուշկապատի դպրոցի տնօրեն Կամո Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում նմանատիպ ծրագրերի իրականացումը ողջունելի է, հատկապես, երբ դրանք կապված են երեխաների առօրյայի օգտավետ կազմակերպման հետ:
Համայնքի ղեկավար Ռուբեն Մուսայելյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հիմնադրամին՝ գյուղի ապագան կերտողներին՝ երեխաներին, ուշադրության կենտրոնում պահելու համար:
Մուշկապատցի 12- ամյա Նարեն անկեղծացավ՝ իրենց խաղերը կազմակերպում էին բակերում:
«Հիմա նոր խաղահրապարակում կհավաքվեն ամբողջ գյուղի երեխաները ու կխաղան միասին։ Այդպես ավելի հետաքրքիր և ուրախ կանցնի ազատ ժամանակը»,- ասաց նա:
Միջոցառմանը ներկա էր նաև ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։