ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Դևիդ Սիսիլինը հանդես է եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ:
Ադրբեջանը պետք է ընդունի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսական
«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի արևելյան սահմանագոտու վրա անցյալ տարվա խաղաղության համաձայնագրի հստակ խախտում է և չպետք է հանդուրժվի: 6000 մարդ է մահացել անցյալ տարի տեղի ունեցած հակամարտության ժամանակ, ևս մեկը չպետք է զոհվի այս հակամարտության պատճառով: Ադրբեջանը պետք է ընդունի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը»,- իր թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: