Լայն թափով ընթանում են Ստեփանակերտի Թումանյան փողոցում՝ նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող 255 բնակարանանոց բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները:
Նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բնակելի թաղամասի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կառուցվող նոր թաղամասի նախագծի հեղինակն է «Նարինե և Գեղանի» ՍՊ ընկերությունը։ Շինարարությունն իրականացնում է «Միք-Շին» ՍՊ ընկերությունը:
«Արցախպրես»-ի թղթակիցը եղել է շինհրապարակում և ծանոթացել կատարվող աշխատանքներին: Մեզ հետ զրույցում «Միք-Շին» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Մանուչարյանն ասել է, որ նոր թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի մարտ ամսից:
«Կառուցվում է 4 մասնաշենք։ 1-ին մասնաշենքը լրիվությամբ ծառայելու է որպես ռմբապաստարան և ավտոկայանատեղի: 2-դ և 4-րդ մասնաշենքերը բաղկացած կլինեն 15 հարկերից, որոնցից մեկը՝ ստորգետնյա, 3-րդ մասնաշենքի 16 հարկերից, մեկը ևս կլինի ստորգետնյա: Այս պահի դրությամբ ընթանում են 2-րդ մասնաշենքի հողային աշխատանքները: Շենքի բակը կբարեկարգվի»,- ներկայացրել է Ա. Մանուչարյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատանքներում ընդգրկված են ընկերության մոտ 30 շինարարներ: