ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ համայնքը 107 բնակիչ ունի:
Քարահունջցին չի ընկճվում, շարունակում է արարել իր հայրենիքում. համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քարահունջ համայնքի ղեկավար Արսեն Ղահրամանյանը:
«44-օրյա պատերազմից հետո մեր գյուղում Բերձորից 1 ընտանիք է հաստատվել: Վերջերս այդ ընտանիքը Կարմիր խաչի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի կողմից աջակցություն է ստացել: Ազատ բնակֆոնդում 4 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Համայնքապետարանի շենքը գտնվում է անմխիթար վիճակում. շենքին կից գործում է գյուղի հանդիսությունների սրահը: Բուժկետ չունենք. գյուղի տներից մեկը տրամադրել ենք, որպեսզի այն շարունակի իր գործունեությունը:Դպրոցի շենքը վերանորոգման կարիք ունի, այստեղ սովորում է 12 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. գյուղում մանկապարտեզի ենթակա երեխաների թիվը քիչ է: Քարահունջը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ. ոռոգման ջրի խնդիր կա գյուղում»,- ներկայացրել է համայնքի ղեկավարը:
Մեր զրուցակիցը ցավով է նշել, որ Արցախյան աշնանային պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի պաշտպանության մեկ համագյուղացի է զոհվել՝ զինծառայող Անդրեյ Դանիելյանը, ում հիշատակին գյուղում հուշաղբյուր է կանգնեցվել:
Անդրադառնալով հետպատերազմական շրջանում գյուղացիների զբաղվածությանը՝ Ա. Ղահրամանյանն ասել է, որ գյուղի սեփական և վարձակալած վարելահողերի 70%-ը անցել է թշնամու տիրապետության տակ, սակայն գյուղացիները չեն ընկճվում, շարունակում են արարել իրենց հայրենիքում։ Նրանք հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում։