Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. ՀՀ ԱԳՆ
Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումները:
Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը, և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը:
Նշվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության վերաբերյալ:
Դատարանը գտել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել է հետևյալը.
1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը»:
2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»:
3․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է՝ հատկանշական է նաև, որ Հայաստանի կողմից ներկայացված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցադիմումի բանավոր լսումների ժամանակ Դատարանը հիշատակել է Ադրբեջանի ներկայցուցչի պաշտոնական հայտարարությունը, որ այսպես կոչված «Ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում հայ զինվորների կրած սաղավարտների ցուցադրությունը և ապագայում դրանք այլևս չեն ցուցադրվի:
Հատկանշական է, որ Դատարանը իր վճռով միայն Ադրբեջանին է պարտավորեցրել՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը, «այդ թվում՝ իր պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»:
«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիսանում տարածաշրջանում լարվածության նվազեցման և խաղաղ զարգացման համար:
Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ Դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ:
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։
Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ»,- նշված ԱԳՆ հայտարարության մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ: