Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավարի ընտրություն է անցկացվում:
Մարտունիում անց է կացվում համայնքի ղեկավարի ընտրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ժամը 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 4050 ընտրողներից 704-ը կամ ընտրողների 17.38 %-ը:
Մեզ հետ զրույցում Մարտունու ընտրական 3 տեղամասերի հանձնաժողովների նախագահները նշեցին, որ ընտրությունները անցնում են բնականոն հունով, օրենքի պահանջին համապատասխան, հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:
Ընտրությանը գրանցված է համայնքի ղեկավարի 1 թեկնածու՝ Ազնավուր Սաղյանը:
«Համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների` դեկտեմբերի 9-ին կահավորել ենք ընտրական տեղամասը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ընտրացուցակները ստացել ենք:
Թեև մեկ թեկնածու է գրանցված և մրցակցություն չկա, այնուամենայնիվ, քաղաքացիներից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է»,- ասաց Մարտունի համայնքի 5/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հովիկ Հովսեփյանը:
5/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ազարյանը նշեց, որ ընտրատեղամասը լրիվությամբ պատրաստ է ընտրողներին ընդունելու համար, և որևէ ընտրախախտում չի գրանցվել:
5/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Ծատրյանի խոսքով՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից ոչ մի դիտողություն առայժմ չի եղել: