«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Գիգուշ Մկրտչյանը Իջևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան համար 1 միջնակարգ հոսքային դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ:
Արցախը մեր հարստությունն է, որը պետք է գնահատենք. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Մկրտչյանը նշեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը լավ հնարավորություն է մասնագիտական աճ գրանցելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար:
«Վաղուց էի ցանկանում գալ Արցախ և երբ հնարավորություն ստեղծվեց, հատկապես պատերզամից հետո, հրաժարվելը ազնիվ և արդար չէր լինի Արցախի և իմ հանդեպ: Կձգտեմ այս երկու տարվա ընթացքում իմ գիտելիքներն ու հմտությունները փոխանցել աշակերտներիս, քանի որ սա հնարավորություն է նրանց տալու այն, ինչ դպրոցում չեմ ստացել. այդ իսկ պատճառով նրանք ականատես են լինում դասավանդման նոր մեթոդների: Ակնկալում եմ, որ մարդկային բարձր որակների, իրենց ընդունակությունների շնորհիվ առաջնորդություն կզարգացնենք աշակերտներիս մոտ և նրանք կկարողանան ստեղծել իրենց ուզած երկիրը: Արցախը մեր պատմական հայրենիքն ու սերն է, և ես եկա այստեղ ինչ-որ բան փոխելու համար, բողոքելու փոխարեն` իմ ներդրումն ունենալու Արցախի վերականգնման ու զարգացման գործում։ Արցախը մեր հարստությունն է, որը պետք է հասկանանք և գնահատենք», - ասաց Գ. Մկրտչյանը: