Ընթացիկ տարում մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ:
Մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մշակույթի ոլորտին վերաբերող հարցերին, այս մասին ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերով` աջակցություն է ցուցաբերվել Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Աստղաշենի, Մարտակերտի արվեստի դպրոցներին` ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթին դպրոցների սաների մասնակցության ապահովման համար: Կարողացել ենք որոշ գույքային համալրումներ կատարել մշակույթի տարբեր համույթներում և 2022թ. շարունակելու ենք: Ինչպես նաև «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրի շրջանակներում արվեստի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպել: Կարողացել ենք պահել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը թեպետ դեռևս շրջիկ է և անհասցե, բայց շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքը: Թանգարանային գործի զարգացման շրջանակներում ևս աշխատանքներ ենք իրականացրել: Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագրերով, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, զգալի աշխատանքներ են տարվել, հատկապես` ազգային արժեքների կողմնորոշման, ամրապնդման առումով: Արժևորում եմ նաև գորգերի ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցել են նաև Հադրութի արվեստի դպրոցի աշակերտները»,- նշել է Լ. Ղարախանյանը: