2021թ մարտի 1-ից Երևան քաղաքում բացվել է «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոն, որտեղ շարունակվում են Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատանքները, ինչպես նաև համակարգվում են Հադրութի թանգարանի, պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային ծառայության, արվեստի դպրոցների աշխատանքները:
2022-ին «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի` նախատեսված բոլոր միջոցառումները կկազմակերպվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը նշեց, որ 2021թ մարտի 1-ից կենտրոնում իրականացվել են մի շարք ծրագրեր:
«Կազմակերպել ենք թանգարանների, երեխաների պաշտպանության, երիտասարդների, հաշմանդամների միջազգային օրերին նվիրված միջոցառումներ, մրցույթներ, «Հադրութը արցախյան գոյապայքարի զուգահեռներում» թեմայով, Հադրութ քաղաքի օրվան նվիրված հանդիպում-քննարկումներ, ինչպես նաև հուշ-ցերեկույթ, կլոր սեղան, մանկապատանեկան նկարչության մրցույթ, ազգային ավանդական խաղեր, շրջանի կերակրատեսակների հանրահռչակում և այլն, որոնք ուղղված են Հադրութի շրջանի պատմական դիմագծի վերարժևորմանը, Հադրութից տեղահանված բնակիչների համախմբմանը, քանի որ մենք պարտավոր ենք պահպանել Հադրութից մնացած մշակութային ժառանգությունը: ՌԴ Վլադիմիր քաղաքում անցկացված Պատանի նկարիչների 20-րդ միջազգային սիմպոզիումին մասնակցել են կենտրոնի 4 պատանի նկարիչներ, ովքեր Արցախը պատվով են ներկայացրել: Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում կազմակերպվել էր «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ: Նշեմ նաև, որ սեպտեմբերի 1-ից կենտրոնին կից գործում է արվեստի դպրոց՝ Երաժշտական, Կերպարվեստի, Կիրառական, Պարարվեստի, Թատերարվեստի և Շախմատի բաժիններով, որտեղ դասավանդում են թշնամու տիրապետության տակ անցած շրջաններից մասնագետներ, անվճար հիմունքներով սովորում են տեղահանված ընտանիքների մոտ 70 երեխաներ», - ներկայացրել է Ե. Հայրիյանը և հավելել, որ 2022-ին նախատեսված և ամենամյա համարվող բոլոր միջոցառումները կկազմակերպվեն: