Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի և Զինված Ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ։
Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, պետական նախարար
Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը:
Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով:
Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին։
Բարի ու խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր պաշտպանական համակարգը նոր համալրող երիտասարդներին, վստահ, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը նրանք իրականացնելու են բարձր պատասխանատվության, ֆիզիկական ու մտավոր ուժի և մշտապես կատարելագործվելու միջոցով: Վերջապես, այս որակները անհրաժեշտ են յուրաքանչյուրիս, որ ծվատված ու խոցված Հայրենիքը կարողանանք փայփայել, պահպանել, որպեսզի յուրաքանչյուրս անձնապես ու մասնագիտորեն լիարժեք ու լիիրավ վաստակենք Հայրենյաց Պաշտպանի բարձրագույն կոչումը», - գրել է Արտակ Բեգլարյանը։