ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի 45 հասցեում ակտիվորեն շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։
Մայրաքաղաքի Մարտունի փողոցում բազմաբնակարան բնակելի շենքի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը:
«44-օրյա պատերազմի օրերին հրետակոծության հետևանքով այդ փողոցում զգալի չափով բնակելի տներ ավերվեցին։ Ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից` ծրագրվեց տեղում իրականացնել բազմաբնակարան նոր շենքի կառուցապատում, իսկ բնակարանները տրամադրել ոչ միայն այդ հասցեի, այլև հարևանությամբ գտնվող վթարային համարվող բնակելի տների բնակիչներին, ինչպես նաև տեղահանված մեր քաղաքացիներին»,-նշել է Մ. Դանիելյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ իրականացվում են հիմքերի կառուցման, մասնավորապես՝ հիմնային հեծանների բետոնալցման աշխատանքներ։
Մեր զրուցակցի խոսքով՝ շենքը կունենա 6 հարկ՝ ընդհանուր 23 բնակարաններով։ Բնակարանները կլինեն 1, 2, 3 և 4 սենյականոց՝ յուրաքանչյուր հարկում համապատասխանաբար 2, 5, 13 և 3-ական բնակարան։ Շենքի կառուցապատման աշխատանքներն իրականացվում են պետական միջոցներով, իսկ կապալառուն «Հաբանդ» ՍՊ ընկերությունն է։