«Հեռանկար» հասարակական կազմակերպությունը սկսել է նոր ծրագիր, որն իրականացնելու է տնային պայմաններում ուսում ստացող երեխաների համար:
Մեկնարկում է նոր ծրագիր. ուշադրության կենտրոնում տնային պայմաններում ուսում ստացող երեխաներն են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական կազմակերպության մարդկային ռեսուրների կառավարիչ Մարինե Հովագիմյանը:
«Ծրագիրը կիրականացնենք Հանրապետության ողջ տարածքում և կսկսենք Ասկերանի շրջանից: Ծրագրի առաջին հերոսը Խնձրիստան համայնքի 6-րդ դասարանի աշակերտ Կարեն Համբարձումյանն է, ով չի կարողանում քայլել, սակայն դա չի խանգարում նրան ուսում ստանալ տնային պայմաններում: Օրերս այցելել ենք Կարենին, զրուցել նրա հետ, տարբեր խաղեր խաղացել ու փորձել իմանալ նրա երազանքների մասին։ Երկրորդ այցի ժամանակ արդեն Կարենին նվիրել ենք բարձրախոս և խոսափող , քանի որ նա երազում է երգիչ դառնալ։ Մենք վստահ ենք, որ փոքրիկ տղայի երազանքն անպայման կիրականանա»,-նշել է Մ. Հովագիմյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
«Մենք չպետք է անտարբեր լինենք հասարակության խոցելի խմբերի նկատմամբ, քանի որ նրանք մեր առանձնահատուկ ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիքը շատ ունեն»,-հավելել է նա: