ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է մանկապարտեզի շենքը:
Վերակառուցվում է Դրմբոնի մանկապարտեզի շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքների մեկնարկը տրվել էր դեռևս 2018 թվականին, սակայն, պատերազմական գործողություններով պայմանավորված, դրանք ժամանակավորապես դադարեցվել էին։ Գործող մանկապարտեզը 43 սան ունի։ Ա. Հակոբյանի հավաստմամբ՝ բնակիչներն ապրում են իրենց բնականոն կյանքով:
«Գյուղը 530 բնակիչ ունի։ Պատերազմից հետո ընդունել ենք Մատաղիսից, Թալիշից, Ավետարանոցից տեղահանված չորս ընտանիքի՝ տասներեք բնակչով: Ազատ բնակֆոնդում էլ մոտ տասը տուն ունենք. եթե տեղահանված այլ ընտանիքներ ցանկանան հաստատվել այստեղ, կվերանորոգենք ու կտրամադրենք նրանց»,-նշել է համայնքապետը` հավելելով, որ դպրոցը 75 աշակերտ ունի, ովքեր դաստիարակվում են հայրենասիրական ոգով։
Նրա տեղեկացմամբ` ներհամայնքային ճանապարհների մեծ մասը «Ջրաբերդշին» ՓԲ ընկերությունը խճապատել է։ Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` աշխատանքները դադարեցվել են, սակայն առաջիկայում կվերսկսվեն: Փողոցներն ապահովված են գիշերային լուսավորությամբ: Ա. Հակոբյանը նշել է, որ բնակիչների մեծ մասն աշխատում է «Բեյս մեթալս» ընկերությունում, տարածված է նաև անասնապահությունը, իսկ մի քանի ընտանիքներ զբաղվում են մեղվաբուծությամբ:
«Համայնքն ունի 100 հա վարելահող, որից 30 հա-ի վրա այս տարի կատարվել է աշնանացան»,- ընդհանրացրեց է մեր զրուցակիցը։