ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչների զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը:
Ճարտարի բնակիչները շարունակում են հաստատակամորեն արարել սեփական հողի վրա. Քաղաքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մոտ 75 հա մնացել է թշնամու տիրապետության տակ, սակայն դա չի խանգարում բնակիչներին շարունակել իրենց գործունեությունը:
«Ճարտարը 3900 բնակիչ ունի: Պատերազմից հետո այստեղ հաստատվել է 47 ընտանիք(156 տեղահանված բնակիչ): Չորս գործող դպրոց ունենք, որտեղ, ընդհանուր առմամբ, հաճախում է 560 աշակերտ, և երկու մանկապարտեզ. յուրաքանչյուրն ունի 85 սան»,-նշել է Վ. Հովհաննիսյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ քաղաքում գործում է երեք հանդիսությունների սրահ, հիվանդանոց, արվեստի դպրոց, մարզամշակութային պալատ. բոլորն էլ բնականոն գործունեություն են իրականացնում:
Վ. Հովհաննիսյանը խորը ցավով խոսեց պատերազմի թողած հետքերի մասին՝ հիշելով 43 անմահ ճարտարցիներին և անգնահատելի համարելով նրանց սխրանքը: