ԱՀ Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի Դիկրան Իզմիրլյանի անվան միջնակարգ դպրոցի վաստաշատ մանկավարժներն աշակերտներին դաստիարակում են հայրենասիրական վեհ գաղափարներով:
Չլդրանի դպրոցի սաները դաստիարակվում են հայրենասիրական վեհ գաղափարներով. Տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սամվել Ղուկասյանը:
«Դպրոցի շենքը կառուցվել է 2002 թվականին, ժնևահայ բարերար Դիկրան Իզմիրլյանի ֆինանսավորմամբ և կրում է նրա անունը: Կրթօջախը 77 աշակերտ ունի։ Պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքից և Քարվաճառից տեղահանված ընտանիքների հինգ դպրոցահասակ երեխաների ենք ընդունել: Կոլեկտիվում ընդգրկված են 25 ուսուցիչներ և յոթ ուսումնաօժանդակ աշխատողներ: Եվ քանի որ աշակերտների թվի աճով պայմանավորված դասասենյակները քիչ են դասապրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար, Դ. Իզմիրլյանի ֆինանսավորմամբ կից երկհարկանի մասնաշենք է կառուցվում, որտեղ կլինեն առաջին հարկում` դահլիճ, երեք ընդարձակ դասասենյակներ, սանհանգույց, իսկ երկրորդ հարկում՝ երկու դասասենյակ»,-ներկայացրել է Ս. Ղուկասյանը և որպես խնդիր նշել` դպրոցում «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ չունեն:
Տնօրենի խոսքով՝ բոլոր հիշարժան օրերի առթիվ միջոցառումներ են կազմակերպվում։ Ճիշտ է, համավարակի պատճառով այդ առումով որոշակի սահմանափակումներ էին մտցրել, սակայն փորձում են նախկին հուն վերադառնալ:
«Դպրոցի նյութատեխնիկական բազան ամբողջությամբ համալրված չէ: Լաբորատորիայի սարքավորումները հին են։ Նորն ունենալու դեպքում` աշակերտները տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի նրանց զարգացմանը»,-հավելել է մեր զրուցակիցը: