ԱՀ Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքի բնակիչների զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է:
Վարնկաթաղի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք տեղահանված հայրենակիցներին. Համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վարնկաթաղի համայնքապետ Գեղամ Բեդանյանն ասել է, որ պատերազմական գործողություններից հետո գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից 57 հա անցել է թշնամու վերահսկողության տակ:
«Դպրոցը հինգ աշակերտ ունի: Նախադպրոցական տարիքի երեխաներն էլ տասն են: 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ ութ բնակելի տուն տարբեր աստիճանի վնասներ են կրել. վերականգնման աշխատանքներ են ընթանում։ Ունենք գործող համայնքապետարան և հանդիսությունների սրահ, որոնց շենքային պայմանները չեն բավարարում լիարժեք գործունեություն ծավալելու համար»,-նշել է Գ. Բեդանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ գյուղի ազատ բնակֆոնդում շուրջ 70 տուն կա, որոնք սիրով կտրամադրեն Արցախի այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքներին:
«Գյուղացիների շրջանում անկումային տրամադրության չի նկատվում, անկախ առկա խնդիրներից` շարունակում ենք մեր օրվա հացը վաստակել, հող մշակել, ու, ամենակարևորը, հայրենասիրական բարձր գաղափարներով սերուդ դաստիարակել»,-ընդգծել է մեր զրուցակիցը: