ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը:
Խմելու ջրի խնդիրը լուծվում է, բայց անելիքներ շատ կան. Բերդաշենի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերդաշենի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Աբալյանը:
«Համայնքը խաղողի մեծ այգիներ ունի. բնակիչները մշակում են այդ այգիները, ստացված բերքից էլ գինի և օղի պատրաստում: Կատարվել է 588 հա աշնանացան։ Գյուղում շատ են անասնապահությամբ զբաղվողները. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գերակշռող է: Զարգացած է նաև թռչնաբուծությունը»,-ասել է Ա. Աբալյանը:
Նրա խոսքով՝ համայնքը 1233 բնակիչ ունի. նրանք ամուր կառչված են իրենց հայրենի հողին: «Պատերազմից հետո տեղահանված վեց ընտանիք է հաստատվել գյուղում՝ տասնվեց բնակչով: Ազատ բնակֆոնդում մոտ տասնհինգ տուն ունենք, որոնք սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին. նրանք ևս պետք է ապահովվեն բնակարաններով»,-նշել է նա:
Մեր զրուցակիցը նշեց` 44-օրյա պատերազմի ընթացքում գյուղն ինտենսիվորեն հրետակոծվել է, ինչի արդյունքում մի շարք բնակելի տներ վնասներ են կրել:
Երկու տուն արդեն վերականգնվել է, ևս մեկ տան վերակառուցման աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն: Մոտ տասը տան տանիք էլ փոխվել է:
«Համայնքում գործող համայքնապետարանի, ակումբի շենքերը գտնվում են վթարային վիճակում: Ունենք նորակառույց բուժկետ: Ներհամայնքային ճանապարհների մի մասը սալապատվել է, մյուս մասը ևս կսալապատվի: Խմելու ջրի խնդիր ունենք. ջուր ստանում ենք չորս օրը մեկ: Այս պահի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ նոր արտեզյան ջրհոր է կառուցվում. աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա մայիսին»,-ներկայացրել է համայնքապետի պաշտոնակատարը:
Ա. Աբալյանը խորը ցավով է խոսել 44-օրյա պատերազմի պատճառած անդառնալի կորուստների մասին՝ ասելով, որ այդ պատերազմում քսան բերդաշենցիներ անմահացել են հանուն Արցախի, հանուն հարազատ գյուղի պաշտպանության: