«Հեռանկար» հասարակական կազմակերպությունը մարտի 5-ին և 6-ին «Հզորանանք միասին» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում կազմակերպել է «Մեդիագրագիտություն» և «Նախաձեռնողականություն» թեմաներով դասընթացներ, որոնք վարել են ՀՀ-ից ժամանած մասնագետներ:
Ստեփանակերտում մեդիագրագիտության դասընթաց է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացների ընթացքում մասնակիցները հասկացան մեդիայի ազդեցության կարևորությունը, ծանոթացան անվտանգային համակարգի վրա ազդող մեդիագործոններին, մանիպուլյացիայի բացահայտման առանձնահատկություններին, ինչպես նաև անդրադարձ եղավ Արցախում նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությանը, երիտասարդների ռեսուրսներն ու հնարավորությունները գնահատելու, դրամաշնորհային ծրագիր մշակելու և իրականացնելու կարողությունների զարգացմանը:
«Հեռանկար» ՀԿ-ի մարդկային ռեսուրների կառավարիչ Մարինե Հովագիմյանի խոսքով՝ կազմակերպությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո տարբեր ծրագրեր է իրականացնում երիտասարդության համար:
««Հզորանանք միասին» ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացների թեմաների ընտրությունը հարմարեցված է երիտասարդների հետաքրքրության շրջանակներին։ Ծրագրի նպատակն է Արցախի 60 երիտասարդների դարձնել մեդիագրագետ և խթանել փորձի փոխանակումը»,- ասել է Մ. Հովագիմյանը: