Այսօր՝ մարտի 7-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում անց է կացվել Հայ կրթական հիմնարկության և ԱՀ Կառավարության համատեղ ֆինանսավորմամբ նախաձեռնված «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի հերթական դասընթացը:Այս անգամ այդ առթիվ բուհ էին այցելել Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
«Հանուն դիմակայուն Արցախի». «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագիրն ընթացքի մեջ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դասընթացը կրում է «Հանուն դիմակայուն Արցախի» խորագիրը, որը նպատակ ունի ունենալ դիմակայուն Արցախ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը մեծ ուրախություն է հայտնել Արցախում գտնվելու կապակցությամբ:
«Հայ կրթական հիմնարկությունը տարաբնույթ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում և Արցախում: Եվ ես հպարտ եմ, որ այսօր կարողացա գալ Արցախ և ինքս տեսնել կատարված աշխատանքների արդյունքները:Ծրագիրն անց է կացվում ամենայն պատասխանատվությամբ ու կատարյալ ձևով, որովհետև կա գիտակցում, որ այն մեծ նշանակություն ունի հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար: Շնորհակալ եմ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանին, որ ամեն կերպ աջակցում են ծրագրի հաջող կազմակերպմանը»,-նշել է Ա. Բաղդասարյանը:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով՝ ասոցիացիան ծրագրի բոլոր աջակիցներին հավաքել է մի տեղում, մեկ գաղափարի շուրջ, քանի որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով փորձում է նպաստել, որ Արցախի բոլոր շրջաններում լինեն սոցիալական աշխատողներ, բոլոր շրջկենտրոններում լինեն սոցիալական աջակցության ծառայություններ:
«Առաջին սոցիալ-հոգեբանական կենտրոնը բացեցինք Մարտունի քաղաքում, իսկ հաջորդ կենտրոնը կբացենք Մարտակերտում, հունիս ամսին:
Արդեն սկսվել են կենտրոնի վերանորոգման աշխատանքները:
Ծրագիրը նպատակ ունի օգնել մարդկանց, և այդ կարևոր առաքելությունը չի կարող սպասել։
Այս գործում հապաղելն ի վնաս մարդկանց է»,-ասել է Մ. Անտոնյանը: