Այսօր՝ մարտի 9-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում մեկնարկել է «Բաց դռների օր» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները ծանոթացել են բուհի գործունեությանը: Ծրագրի առաջին օրը բուհ էին այցելել Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցի և համար 8 ավագ դպրոցի աշակերտները:
Մեսրոպ Մաշտոց համալսարանում մեկնարկել է «Բաց դռների օր» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նախ ողջունել է ներկաներին, ներկայացրել կրթօջախի գործունեությունը և նշել, որ բուհի նպատակն է գիտելիքներով զինել իր ուսանողներին:
Մեզ հետ զրույցում բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն ասել է, որ Արցախում նմանատիպ ծրագրերի կարիքն, անշուշտ, կա:
«Այդ մշակույթը մեզ մոտ դեռևս չի ձեւավորվել, այնինչ, համալսարան-դպրոց կապը հենց նման միջոցառումներն են ամրապնդում, որովհետև աշակերտը տեղյակ չէ, թե համալսարաններում ինչ գործունեություն է ծավալվում։ Այդ պատճառով արժե, որ նման հանդիպումներ լինեն, և աշակերտները կարողանան ճիշտ կողմնորոշվել, որովհետև մասնագիտություն ընտրելը, իսկապես, դժվար գործ է»,-նշել է Ա. Բաղդասարյանը:
Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցի փոխտնօրեն Յուլյա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում բարձր է գնահատել բուհի կողմից կազմակերպված նախաձեռնությունը՝ յուրահատուկ և առանձնահատուկ համարելով բոլոր միջոցառումները:
Նշենք, որ «Բաց դռների օր» ծրագիրը կշարունակվի նաեւ վաղը: