Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բանակցությունների ընթացքում մտադիր են քննարկել երկու երկրների նախագահների ձեռք բերած համաձայնությունների իրականացման ընթացքը։
ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն Պուտինի երեւանյան այցի նախապատրաստման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «մենք ուրախ ենք անցկացնել հերթական հանդիպումը։ Մեզ մոտ արդեն արտգործնախարարների պարբերաբար այցելությունների ավանդույթ է ձեւավորվել։ Երկու երկրների միջեւ գոյություն ունեն երկկողմ հարաբերություններին, եվրասիական ինտեգրմանը, ՀԱՊԿ շրջանակներում միութենական հարաբերություններին եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ ու ԵԱՀԿ հարթակներում առկա հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր»,- ասել է Լավրովը։
Ռուս արտգործնախարարը Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ ձեռք բերած համաձայնությունների իրականացման հարցում իր հայ գործընկերոջ հետ արդյունավետ երկխոսության հույս ունի։
Նալդբանդյանն իր հերթին նշել է, որ այսօրվա հանդիպումը հարցերի լայն շրջանակ քննարկելու լավ հնարավորություն է, փոխանցում է։
«Սա եւ տնտեսական համագործակցություն է եւ խորհրդարանական չափում։ Պաշտպանական գերատեսչությունները բարեհաջող կերպով համագործակցում են։ Մենք կօգտվենք այս իրավիճակից՝ տարածաշրջանային հարցերի շուրջ մեր կարծիքների փոխանակելու եւ իհարկե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելու համար»,- ասել է նա։
Սերգեյ Լավրովը եւ Էդվարդ Նալբանդյանը կքննարկեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի նախապատրաստումը։
«Այսօր մենք հնարավորություն ունենք մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Մենք սպասում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, որտեղ նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, եւ այդ կապակցությամբ մենք պետք է կազմակերպչական հարցեր քննարկենք։ Երկու երկրների նախագահները մայիսին կհանդիպեն նաեւ Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում»,- նշել է Նալբանդյանը։