Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի կայացած բանակցություններում պայմանավորվել են ակտիվացնել Ադրբեջանի հետ փոխգործակցությունը եռակողմ ձևաչափով:
2022թ. երկրորդ կեսին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում:
Պուտինն ընդունել է այս տարվա երկրորդ կեսին Երևան այցելելու Փաշինյանի հրավերը՝ կապված ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ։
«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինի կողմից ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել ՌԴ նախագահին ուղղված իր հրավերը՝ կապված 2022 թ.երկրորդ կեսին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է», – ասվում է փաստաթղթում:
Պուտինն ու Փաշինյանը կողմ են արտահայտվել պանդեմիայի թեման քաղաքականացնելու անթույլատրելիությանը, անհրաժեշտ են համարում համընդհանուր ջանքերը դրա հետևանքները հաղթահարելու համար: Նրանք մտահոգություն են հայտնել մի շարք երկրների միակողմանի պատժամիջոցների կապակցությամբ և պայմանավորվել են համատեղ հաղթահարել այդ մարտահրավերները:
Պուտինն ու Փաշինյանը հանդես են եկել ԵԱՏՄ-ում ինտեգրման զարգացման օգտին՝ ներառյալ ազգային արժույթներում հաշվարկների մասնաբաժնի ավելացումը: