Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ԱՀ դատական համակարգի պատասխանատուների հետ։
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ դատական համակարգի պատասխանատուների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են դատաիրավական ոլորտին, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։
Իր խոսքում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ պետականակերտման գործընթացի ողջ ընթացքում պետական իշխանության բոլոր թևերի և ժողովրդի դիրքորոշումը միշտ համահունչ ու միասնական է եղել՝ երկրի ապագան կերտելու հարցում հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը:
Երկրի ղեկավարը անդրադարձ է կատարել նաև դատական ոլորտում նախանշված բարեփոխումներին և դատական իշխանության բնականոն գործունեությանն ուղղված ծրագրերին։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերջերս ավարտին հասցված նոր վարչական համալիրի շենքային պայմանները թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել դատարանների աշխատանքը: