ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքում այս օրերին գյուղատնտեսական եռուզեռ է տիրում։
Կոճողոտում գյուղատնտեսական եռուզեռ է. գյուղի առօրյան ներկայացնում է համայնքապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Վելիկո Սարգսյանը:
«Տարվա այս շրջանում գյուղացիների առօրյան առավել քան հագեցած է։ Տնամերձերում այգիներն են մշակում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվում, ցանում են կարտոֆիլի, լոլիկի, կանաչեղենի և այլ բանջարատեսակների սերմեր։ Նրանց մի մասն էլ շարունակում է անասնապահությամբ զբաղվել։ Համայնքի տղամարդկանց 80%-ն աշխատում է «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերությունում»,-նշել է Վ. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Կոճողոտում հաստատվել է տեղահանված տասներեք ընտանիք՝ քառասունութ բնակչով, բոլորն էլ ապահովվել են բնակկենցաղային անհրաժեշտ պայմաններով։
«2016 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամը գյուղում կառուցել է համայնքային կենտրոն, որը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որտեղ տեղակայված են հանդիսությունների սրահը, գրադարանը, համակարգչային սենյակ, բուժկետը և նախասրահը: Շենքը կահավորված է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ »,-ասել է համայնքապետը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ համայնքի Արթուր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում հայրենասիրական վեհ գաղափարներով կրթվում ու հայեցի դաստիարակվում է 72 աշակերտ։ Նրանցից 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են։