Ուկրաինայում այսօր «լռության օր» է. վաղը երկրի քաղաքացիները նախագահ են ընտրելու։
Ուկրաինայում «լռության օր» է. վաղն այստեղ նախագահ կընտրեն
Ուկրաինայում այսօր «լռության օր» է. վաղը երկրի քաղաքացիները նախագահ են ընտրելու։
Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը , հղում անելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, նույն օրը կկայանան նաև Կիևի քաղաքապետի և քաղաքային խորհրդի, ինչպես նաև երկրի մի շարք շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մասնավորապես՝ Օդեսայում, Խերսոնում և այլն։
Այսօր արգելված է նախընտրական քարոզչությունը։
Արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվում են երկրի հարավ-արևելյան շրջաններում բախումների ֆոնին։ Ուկրաինացի ուժայինները հատուկ գործողություն են իրականացնում «ահաբեկիչների դեմ»։ Իսկ Կիևի ներկայիս իշխանություններին դեմ քաղաքացիները պահանջում են երկրի դաշնայնացում։
Ի դեպ, առաջին անգամ քվեարկությանը չի մասնակցի Ղրիմը, որը մարտին կայացած հանրաքվեի արդյունքներով դուրս է եկել Ուկրաինայի կազմից և միացել ՌԴ-ին։ Սակայն Ղրիմում բնակվող ուկրաինացիները կարող են մասնակցել Ուկրաինայի ցամաքային հատվածում անցկացվելիք քվեարկությանը։
Նախագահի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու։ Սակայն, ըստ սոցհարցումների, հիմնական թեկնածուներն են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։
Ուկրաինայի ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրողների մոտավոր թիվը 35.5 մլն է։