Ստեփանակերտում կազմակերպվել է «Սե՛ր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը
Այսօր՝ մայիսի 24-ին, կանադահայ բարերար Վահե Թղլեանի հովանավորությամբ մեկնարկած «Դեպի երկիր» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպվել է ժամանակակից գրող Սուսաննա Ղազարյանի «Սե՛ր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը:
Ստեփանակերտում կազմակերպվել է «Սե՛ր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գիրքը հրատարակվել է Համահայկական գրողների միության կողմից, իսկ խմբագիրը միության նախագահ Աբգար Ափինյանն է:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակը նշել է, որ «Սե՛ր իմ, հայրենիք»-ն իր չորրորդ գիրքն է:
«2019 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպվեց իմ «Թռիչք» գրքի շնորհանդեսը, և այնքան ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում, որ հենց ամբիոնից խոստացա, որ հայրենասիրական թեմատիկայով հաջորդ գրքիս շնորհանդեսը ևս կկազմակերպվի նույն վայրում: Գիրքը հայրենասիրական ստեղծագործությունների շարք է: Շատ ոգեշնչող բանաստեղծություններ էին և պետք է տպագրվեին 44-օրյա պատերազմից առաջ, սակայն գիրքն ընթերցողի սեղանին դրվեց քիչ ուշացումով: Այստեղ անդրադարձել եմ նաև պատերազմին և չէի կարող անմասն մնալ։ Այն ցավը, ապրումները, որ ունեցել եմ, զետեղված են էջերում: Կան նաև մեր հերոսներին նվիրված ստեղծագործություններ: Բայց ինչքան էլ որ անդրադարձել եմ ցավոտ թեմաների, այնուամենայնիվ, գիրքը կոչ է, որ մենք պետք է ամեն ինչից շատ սիրենք և պաշտպանենք մեր հայրենիքը, որովհետև միայն մեր հողի վրա ենք ամուր կանգնում»,-ներկայացրել է նա։
Խմբագիր Աբգար Ափինյանն իր խոսքում նշեց` գրողի բանաստեղծական ժողովածուն ծնունդն է հայրենիքի հանդեպ այն մեծ սիրո, որ մշտապես ոգևորել է երիտասարդ բանաստեղծուհուն, ուժ տվել նրա գրչին:
Անդրադառնալով «Դեպի երկիր» ծրագրին` հովանավոր Վահե Թղլեանը տեղեկացրել է, որ այն նպատակ ունի ասպարեզ տալու ստեղծագործող երիատասարդությանը՝ դպրոցականներին, ուսանողներին:
«Ուզում ենք խրախուսել գրական ստեղծագործության` մեկուկեսից երկու էջի սահմաններում արված վերլուծությունները, որոնք կներկայացվեն մեր հանձնախմբին: Բոլոր հաղթողները կստանան գեղեցիկ մրցանակներ, ինչն իրենց ստեղծագործական կյանքում կարևոր ձեռքբերում կլինի և հետագայում ավելի մեծ հաջողությունների հասնելու նպատակ կհետապնդեն»,-ասել է մեր զրուցակիցը:
Միջոցառումն ամփոփվեց «Հայ մշակույթը և Արցախի ապագան» թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին ԱրՊՀ Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսները:
Նշենք, որ Սուսաննա Ղազարյանը ճանաչվել է 2021 թվականի տարվա լավագույն գրող, իսկ «Սե՛ր իմ, հայրենիք» գիրքը՝ լավագույն բանաստեղծական ժողովածու։
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։