ԱՀ Ասկերան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում խաղահրապարակ է կառուցվում:
Ասկերանում խաղահրապարակ է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը՝ ընդգծելով քաղաքում նոր խաղահրապարակի անհրաժեշտությունը:
«Խաղահրապարակը կառուցվում է Ասկերանի և քույր քաղաք Բուկ Բել Էրի(Ֆրանսիա) համագործակցության շրջանակներում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Շինաշխատանքները վերահսկվում են Քաղաքապետարանի կողմից: Խաղահրապարակը կունենա մինի ֆուտբոլի, վոլեյբոլի դաշտեր, կցանկապատվի, կտեղադրվեն նստարաններ, որոնք կապահովեն նաև տարեցների ժամանցը»,-ներկայացրել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ այս օրերին բնակիչներն ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում:
«Նրանց մեծ մասն աշխատում է պետական համակարգում: Կարկառ գետի տարածքում պետական միջոցներով երկու մեծ ջերմոց է կառուցվել, ինչն իր հերթին լուծում է զբաղվածության խնդիրը. ստացված բերքի իրացման խնդիր չենք ունենում»,-նշել է Հ. Շամիրյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ տեղահանված 114 ընտանիք է հաստատվել Ասկերանում` 474 բնակչով: Նրանց տրամադրվել են ընտանի թռչուններ և կենդանիներ գյուղատնտեսությամբ զբաղվելու և ապրուստի միջոց ունենալու համար։