Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ, «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակում,այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի այգում կայացել է գրական հանդիպում բանաստեղծներ Հուսիկ Արայի և Հասմիկ Սիմոնյանի հետ։
Ստեփանակերտում կայացել է գրական հանդիպում բանաստեղծներ Հուսիկ Արայի և Հասմիկ Սիմոնյանի հետ
ԱՐՑԱԽՊՐԵՍ, 29 հունիսի, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ Հուսիկ Արան ասել է, որ իր ստեղծագործական սկիզբը կապված է ազգային զարթոնքի, Արցախյան ազատամարտի և հաղթանակի հետ:
«Ինձ համար շատ կարևոր է Արցախ աշխարհում խոսել գրականության մասին և ես մեծ ոգևորությամբ եմ եկել: Մինչ օրս կարմիր թելի պես իմ գրականության միջով անցնում է արցախյան գոյապայքարը՝ ազատամարտից մինչև վերջին պատերազմը: Առաջին՝ «Մարդու որդիները» գրքումս արծարծված էր 88-ի զարթոնքը, ազատամարտը, պայքարը, պատերազմը, հաղթանակը: Վերնագիրը թեմատիկ ընտրեցի. Քրիստոսն իրեն մարդու որդի է համարում, իսկ ես նկատի ունեի մեր կռված, զոհված տղաներին, ովքեր կարողացան փրկություն գտնել՝ պայքարել և հաղթել: Մարդու որդիներ նրանց նկատի ունեմ՝ որպես մեզ փրկողներ: 2020 թվականի պատերազմում կորցրեցինք մի ամբողջ ոսկի սերունդ: Ինձ համար ամենածանրը զոհերն են, որովհետև միակ բանը, որի մեջ հույս չկա, մահն է: Հույս կա, որ Շուշին , Հադրութը հետ կբերենք, բայց մեր զոհերին չենք կարող»,- նշել է Հուսիկ Արան, և ավելացրել, որ, Արցախյան շարժումն ու պատերազմը մի ամբողջ սերնդի հոգեկերտվածք է:
Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ պոեզիան կառուցողական երկխոսությունն է, որի միջոցով է կայանում մարդն ու բարելավվում հարաբերությունները:
Հեղինակներն ընթերցել են նաև իրենց բանաստեղծություններից:
Գրական հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում. ներկաները հարցեր են ուղղել գրողներին, ասմունքել և քննարկել նրանց պոեզիան: