«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր համայնքում առանձնատուն է կառուցել հերհերցի Հայրապետյանների ընտանիքի համար, որոնց տունը հրթիռակոծության հետևանքով ավերվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հերհերում պատերազմի հետևանքով տունը կորցրած ընտանիքը բնակարանամուտ է տոնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, Հայրապետյանների չորս շնչից բաղկացած ընտանիքի համար նոր առանձնատուն է կառուցել՝ անհրաժեշտ բնակկենցաղային բոլոր պայմաններով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Մհեր Հայրապետյանը, տեղեկացրել է, որ երկու որդիների հետ ընդգրկվել են տան կառուցման աշխատանքներում և օգնել շինարարներին:
«Տունը բավականին կարճ ժամանակահատվածում են կառուցել, ինչի համար շնորհակալ ենք հիմնադրամի ողջ անձնակազմին: Նրանք թև ու թիկունք են Արցախում ապրողներիս»,-ասել է տանտերը:
Տանտիրուհի Արինան մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ քանի որ տունը նորակառույց է, ցանկալի է, որ կահավորումն էլ նոր լինի. այժմ սպասում են սեփական միջոցներով պատվիրած նոր կահույքին:
Բնակարանամուտին, որը տեղի ունեցավ նախօրեին, ներկա էր նաև Հերհերի համայնքապետ Արման Ալեքսանյանը, ով նորակառույց առանձնատան առթիվ շնորհավորել է տանտերերին: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի ծավալած գործունեությունը Հերհերում: