Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար
«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ հրապարակելով նաև նախագծի լուսանկարը։
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում, մեկնաբանելով այդ հանգամանքը նշել է, որ թեև պաշտոնական որևէ արձագանք չկա,բայց չի կարծում, որ Ադրբեջանն իր մտադրությունից կարող է հրաժարվել։
«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ավերել, պղծել ու ավերել հայկական հուշարձանները, իսկ որպեսզի օգոստոսի 25-ից հետո նմանատիպ նոր տեսարանների չհանդիպենք Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում, այս օրերին իրականացվում են այդ բնակավայրերից պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ»,-ասել է Լ. Հովհաննիսյանը։
«Պետք է համապատասխան մարմինները բոլոր հնարավոր ձևերով աշխատեն, որպեսզի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից որոշակի քայլեր արվեն և այդ ամենը կանխվի»,-ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։
Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանն էլ սադրանք է որակել հատկապես այս օրերին ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում հրապարակված նախագիծը՝ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու։
«Սակայն նաև վստահ պետք է լինենք, որ նման ծրագրեր Ադրբեջանն ունի։ Ճիշտ այնպես՝ ինչպես բոլոր այլ բռնազավթված տարածքներում։ Մենք պետք է մեր պետական միջոցներով, հասարակական լայն խավերի ներգրավմամբ փորձենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը։ Հարկ եղած պարագայում այդ գործընթացում պիտի ներառենք նաև միջազգային կազմակերպությունների»,-ընդգծել է Սերգեյ Շահվերդյանը։