Գործարար, սոցիալական ձեռներեց, բարերար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Ռուբեն Վարդանյանի և Ստեփանակերտի քաղաքապետի հանդիպմանն անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի զարգացմանն ու առաջնային խնդիրներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ խոսեցինք Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, լուծման ենթակա առաջնային խնդիրների ու հնարավոր համագործակցության մասին: Խոսելով քաղաքի առաջնահերթ խնդիրների մասին, քաղաքապետն առանձնացրեց նաև մանկապարտեզների ավելացման հարցը: Այդպիսի «խնդրի» առկայությունն իսկապես ուրախացնում է ինձ: Սա նշանակում է, որ պատերազմին հաջորդած դժվարություններն այստեղ ապրող մարդկանց չեն հիասթափեցնում և նրանք շարունակում են իրենց ապագան տեսնել հայրենի քաղաքում»,- նշված է նրա գրառման մեջ: