Այսօր՝ սեպտեմբերի 23-ին,Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում բանաստեղծ Համո Սահյանին նվիրված գրական երեկո է կազմակերպվել:
Մայրաքաղաքում կազմակերպվել է գրական երեկո նվիրված Համո Սահյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել է Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սցենարիստ Անահիտ Դանիելյանը:
Գրական երեկոյին հրավիրված էին արցախցի գրողներ, գրականագետներ, սահյանական պոեզիայի երկրպագուներ, ովքեր եկել էին յուրաքանչյուրն իր հոգու Սահյանին ներկայացնելու:
«Այսօր,առավել քան երբևէ,մեզ անհրաժեշտ է Սահյանի հոգեպարար շունչը:
Սահյանը բոլորինս է, սակայն յուրաքանչյուր սերունդ իր ընկալմամբ է ներկայացրել ու վերարտադրել գրողին»,-համոզմունք է հայտնել Ա.Դանիելյանը՝ նշելով,որ մեր օրերում սահյանական պոեզիան խիստ արդիական է:
Մեզ հետ զրույցում բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանն ընդգծեց, որ հայ դարավոր պոեզիայում Համո Սահյանը միանգամայն նոր խոսք,պատկերավոր մտածողություն բերեց:
«Նա հայ ժողովրդի փիլիսոփայությունն ամբողջությամբ բերեց պոեզիա: 1930-ական թվականների վերջին և Հայրենական մեծ պատերազմի սկզբում լույս տեսած նրա բանաստեղծական շարքերի մեջ միանգամից երևաց մի նոր քնարերգու, որ հայ ժողովրդի հարստությունն է: Սահյանի բանաստեղծություններում հայ ժողովրդի ապրումներն ու զգացմունքներն են, իսկ նրա ստեղծագործություններն իրենց յուրահատուկ տեղն ունեն մեր հարուստ պոեզիայում»,-ասել է Ս.Խանյանը:
Գրական երեկոյի ընթացքում ներկաներն անդրադարձել են սահյանական պոեզիայի առանձնահատկություններին, ներկայացրել իրենց Սահյանին և ասմունքել բանաստեղծի գործերից: