Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել:
Մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան համար 1 դպրոցում 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կրում էր «Արցա´խ, տուն իմ հայրենի» խորագիրը:
«Միջոցառումը խորհուրդը կայանում է նրանում, որ չնայած ծանր կորուստներին, այսօր մեր առջև ծառացած մարտահրավերներին և շարունակվող պատերազմին, Արցախի սիրտը շարունակում է բաբախել: Մենք նահատակված հերոսների առջև պարտք ունենք՝ պիտի ապրենք այս երիցս սրբացած հողում,որի ամեն մի թիզը արյունով է ներծծված: Արցախը մի սուրբ վայր է,որտեղ մենք պարտավոր ենք ապրել,արարել ու ստեղծագործել՝ վառ պահելով հերոսների հիշատակը:Դպրոցում առաջնային է աշակերտների դաստիարակությունը հայրենասիրական գաղափարներով»,-մեզ հետ զրույցում ասել է աշակերտների հետ դաստիարակության գծով կազմակերպիչ Անուշ Ավանեսյանը:
Դպրոցի տնօրեն Լենա Մնացականյանը նշեց, որ աշակերտներն իրենց կատարումներով արտահայտեցին Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ապրումները:
«Մենք պետք է ապրենք մեր երկրում ոչ թե աղերսելով,այլ՝ մեր իրավունքը պաշտպանելով:
Այսօր աշխարհում հաղթում է նա,ով ուժեղ է,իսկ ուժեղ է նա,ով խելացի է, գիտության մեջ առաջատար է»,-հավելել է Լ.Ավանեսյանը: