Մայրաքաղաքում դիմավորել են Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ գրաված արցախցի մարզիկին
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում սպորտի ոլորտի պատասխանատուները, մի խումբ մարզասերներ դիմավորել են երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանին:
Մայրաքաղաքում դիմավորել են Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ գրաված արցախցի մարզիկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում:
«Մասնակցում էին մարզիկներ աշխարհի 35 պետությունից: Արցախից ունեինք երկու մասնակից՝ Վասակ Բարսեղյանը մինչև 70 կգ քաշային կարգում և Լևոն Ծատրյանը 65 կգ քաշային կարգում: Լևոնի առաջին մենամարտը ֆրանսիացի մարզիկի հետ էր, և չնչին միավորների տարբերությամբ վերջինս հաղթեց: Վասակին հաջողվեց երկու հաղթանակ գրանցել մենամարտերում, սակայն երրորդ մենամարտում միավորներով զիջեց Պորտուգալիան ներկայացնող մարզիկին և վնասվածք ստացավ: Բայց այս հաղթանակն Արցախի համար շատ կարևոր է, քանի որ վերջին անգամ այս մարզաձևում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում մրցանակային տեղ ունեցել ենք երեք տարի առաջ»,-ասել է Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ, Արցախի խառը մենամարտերի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը:
Նա նշել է,որ ընթացիկ տարում պետական աջակցությամբ կարողացել են մասնակցել բազմաթիվ մրցաշարերի, իսկ Կրասնոդարում՝ ուսումնամարզական հավաքների, ինչի շնորհիվ էլ կարողացել են հասնել արդյունքի:
«Կսպասենք Վասակի ապաքինմանը,որից հետո կպատրաստվենք Հնդկաստանի մայրաքաղաք Դելլիում կայանալիք առաջնությանը»,-հավելել է մարզիչը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վասակ Բարսեղյանի խոսքով՝ առաջին անգամ է մասնակցում նման մեծ մրցաշարի:
«Տրամադրվել էի մրցանակային առաջին տեղը գրավել,սակայն վնասվածքի պատճառով չկարողացա: Չնայած դրան՝ ձգտելու եմ ոչ միայն Եվրոպայի, այլ նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսին»,-հավաստիացրել է մարզիկը: