Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, արդեն մի քանի անգամ հայտնել է իր տեսակետն Արցախի ապագայի և ինքնորոշման անքակտելի իրավունքի վերաբերյալ:
Արցախի ժողովուրդն ընտրել է ինքնորոշման իրավունքն իրացնելու ուղին և չի շեղվելու. ԱԺ «Հայ ՀԵղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:
«Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստն ու Վերածննդի հրապարակում հանրահավաքը, ինչպես 88-ին, պիտի փաստի այդ հարցում մեր վճռականությունը: Պիտի խոսենք ամենակարևոր հարցերից՝ ինչի՞ համար էր Շարժումը, ազգային-ազատագրական պայքարը, ի՞նչ հանգրվանի ենք հասել, ինչպիսի՞ն է իրավիճակը 44-օրյա պատերազմից հետո, անդրադառնանք՝ մեր անելիքներին ու դիրքորոշմանը»,-հավելեց Ա. Մոսիյանը՝ ընդգծելով, որ ազգերի ազատ ինքնորոշման հիմնարար իրավունքը որևէ մեկը չի բեկանել:
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն ընտրել է ինքնորոշման իր իրավունքն իրացնելու ճանապարհը, որից չի շեղվելու, իսկ հանրահավաքն այդ ուղերձն է պարունակում միջազգային հանրությանը:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին, ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտեց՝ կարգավորման որևէ տարբերակ, որը կդիտարկի որևէ կարգավիճակով Արցախի բռնակցում Ադրբեջանին, արցախահայության համար, միանշանակ, անընդունելի է: