Ավարտվել են մայրուղուց դեպի Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավելի քան 8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Աստղաշենում հիմնվել են ինտենսիվ այգիներ և ստեղծվել նոր աշխատատեղեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
«Ընթացքում են ինտենսիվ այգեգործության և ջերմոցների զարգացման ծրագրերը: Արդեն 21 հեկտար տարածքով արքայանարնջի այգի է հիմնվել: Ինտենսիվ այգիների հիմնման շնորհիվ Աստղաշենում տասնյակից ավելի նոր աշխատատեղեր են ստեղծվել»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նրա տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Աստղաշենի դպրոցի աշակերտների թիվն աճել է: Պատերազմից հետո համայնքում տեղահանված 25 ընտանիք է հաստատվել, որոնք ապահովվել են պետբյուջեի միջոցներով վերանորոգված տներով:
«Ներկայումս համայնքում բազմազավակ ընտանիքի համար տուն է կառուցվում, ևս 2-ը վերանորոգվում է տեղահանված ընտանիքների համար»,-ասել է Ա. Գրիգորյանը:
Խնդիրներից համայնքապետն առանձնացրեց մշակույթի տան և բուժկետի վերանորոգման անհրաժեշտությունը, որոնք նրա խոսքով , վատթար վիճակում են գտնվում:
Ինչ վերաբերում է Աստղաշենի զարգացման հեռանկարներին, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, այստեղ համապատասխան աջակցության դեպքում հնարավոր է զարկ տալ զբոսաշրջությանը, որի համար նախնական նպաստավոր պայմաններ արդեն իսկ առկա են: