Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Արցախի պետական համալսարանում Ուսանողների միջազգային օրվա առթիվ կազմակերպվել է միջոցառում:
Արցախի մայր բուհում Ուսանողների միջազգային օրվա առթիվ միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում Արցախի մայր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի նահատակված ուսանողների հուշաքարին՝ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան բոլոր պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:
Ռեկտոր Արմեն Սարգսյանն իր խոսքում կարևորել է արդի դարաշրջանում երիտասարդների դերակատարությունը արդյունքի հասնելու համար:
«Ինչքան ուրախալի կլիներ, եթե այսօր մեզ հետ լինեին նաև բուհի 26 հերոս ուսանողները: Բայց դժբախտաբար ազատությունը տրվում է շատ հաճախ մեծ զոհերի գնով:Փառք ու պատիվ նրանց, քանզի մեր նահատակ հերոսների շնորհիվ է, որ այսօր գոյատևում է Արցախը, դեռ ավելին՝ այսօր մայր բուհում կարողանում ենք կազմակերպել միջոցառումներ: Տարիներ անց կարծես նորից մտնում ենք հունի մեջ: Մենք թևակոխել ենք մի դարաշրջան, երբ առանց երիտասարդների անմիջական մասնակցության և նրանց խորհուրդների ու դիտողությունների՝ հնարավոր չէ որևէ արդյունքի հասնել»,- հավելել է Ա. Սարգսյանը:
ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, շնորհավորելով ուսանողությանը տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ երիտասարդության ջանքն ու նվիրումը կնպաստի, որպեսզի Արցախ աշխարհը շարունակի ապրել, իսկ պետությունը՝ զարգանալ:
«Մեր երկրի ներկան, ապագան, հույսն ու հավատը, ձեռքբերումը մեր ուսանողներն են: Թող, իրականան մեր ուսանողների բոլոր իղձերն ու երազանքները»,-ասել է Վ. Յարամիշյանը:
Օրվա առթիվ ԱրՊՀ ռեկտորատի կողմից տարբեր անվանակարգերում խրախուսվել է բուհի 120 ուսանող: Տոնական միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով: