Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը համերգային ծրագրով է հանդես եկել Մարտունու Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում:
Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը Մարտունիում համերգով է հանդես եկել ՝ մեկնարկելով դաս- համերգների շարք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում հնչել են հայ կոմպոզիտորների հայտնի գործիքային ստեղծագործություններ, մեծամասամբ մենանվագներ՝ նվագախմբի տարբեր երաժշտական գործիքների նվագակցությամբ:
Մեզ հետ զրույցում Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանը տեղեկացրեց, որ Մարտունիում կայացած համերգով շրջանում մեկնարկում են դաս-համերգների ծրագիրը:
«Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանրակրթական դպրոցներում իրականացնում է «Ազգային մշակույթը դպրոցում» խորագրով դաս-համերգների ծրագիրը, որը նպատակ ունի վերարժևորել ազգային նվագարանների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանման գործում: Դաս-համերգների միջոցով աշակերտներին մատուցվում են մաքրամաքուր հայկական մեղեդիներ՝ զուգահեռ ծանոթացնելով նրանց երաժշտական գործիքների պատմությանն ու նշանակությանը»,-մանրամասնեց Ա. Սարկիսյանը՝ հավելելով, որ ծրագիրն իր շարունակությունը կունենա ինչպես Մարտունու, այնպես էլ՝ հանրապետության շրջանների հանրակրթական դպրոցներում:
Ըստ նվագախմբի տնօրենի՝ Մարտունու մշակույթի պալատում ունեցած համերգը ևս ազգային նվագարանների ուսումնասիրման յուրօրինակ ցուցադրական դաս է:
«Նվագախումբը ստանձնել է ազգայինը կրողի, պահպանողի և տարածողի առաքելությունը: Համերգային ծրագրում մի առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայրենիքի գաղափարը՝ վերարտադրված ազգային երաժշտությամբ։ Ներկայացվող նվագներում կա և կարոտի խոստովանություն, և վերադարձի խոստում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Արցախի ազգային նվագարանների նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյան) կատարողները Մարտունու երաժշտասեր հանրությանն են ներկայացրել մասնավորապես Կոմիտասի, Արամ Խաչատրյանի Լյուդվիգ Դուրյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլ անվանի երգահանների ստեղծագործություններ, ինչպես նաև աշուղական երգարվեստի գոհարներ: