Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախումբը շարունակում է «Ազգային մշակույթը դպրոցում» խորագրով դաս-համերգային ծրագիրը, որի շրջանակներում հանդես գալով Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 և Սախարովի անվան հ. 8 դպրոցներում։
«Ազգային մշակույթը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաև գյուղական համայնքների կրթօջախներում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանն նշել է, որ ծրագիրը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա գարնանը՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։
«Ծրագրի նպատակն է մատաղ սերնդին ծանոթացնել ազգային նվագարաններին ու դասական երաժշտությանը։ Շատ երեխաներ ծանոթ չեն ժողովրդական գործիքներին: Համերգ-դասերի շնորհիվ, նրանք և՛ տեսնում են ժողգործիքները, և՛ տեղեկանում են դրանց պատմությանն ու կատարողական առանձնահատկություններին՝ ուկնդրելով հնչյուններն ու ելևէջները»,-ասել է Լ. Սարդարյանը:
Գեղարվեստական ղեկավարն անհրաժեշտություն է համարում մատաղ սերնդին ազգային երաժշտությունը ներկայացնելը։
«Դաս-համերգները կնպաստեն երեխաներիի հետաքրքրությանը երաժշտարվեստի նկատմամբ, ցանկություն առաջացնելով շարունակելու իրենց ուսումն այդ ուղղությամբ, համապատասխան մասնագիտություն ձեռք բերեն և ծառայեն մեր հայրենիքին ու մշակույթին»,-հավելել է մեր զրուցակիցը։
Լ. Սարդարյանի խոսքով՝ ծրագիրը գյուղերի դպրոցներում իրականացնելու համար աշխատելու են նաև հանրապետության շրջանների մշակույթի տների նվագախմբերի հետ՝ հնարավորությունների սահմանում օժանդակելով և աջակցելով նրանց: