Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ:
Նախագահ Հարությունյանը քաղաքացիների առաջարկությամբ հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, քանի որ հակառակ դեպքում կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները: