Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը:
Չնայած ծանր շրջափակմանը՝ երկրաշարժից տուժած սիրիահայերին աջակցելու համար Արցախի Կառավարությունը դրամահավաք կկազմակերպի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին:
Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք:
«Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին: Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701։