Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում. Հանրապետական ԲԿ-ի տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ հավելելով, որ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
«Առավոտյան Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված տղամարդ, ում մոտ կան հետևյալ ախտորոշումները ՝ կրծքավանդակի հրազենային բաց թափանցող վիրավորում, ձախից թոքի վնասում, բաց հեմոպնևմաթորաքս: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում իրականացվել են համապատասխան միջոցառումները և նա տեղափոխվել է վիրահատարան»,- ասել է Մհեր Մուսայելյանը՝ մանրամասնելով, որ հիվանդի բուժումը կշարունակվի վերակենդանացման բաժանմունքում։