Ամփոփվել են Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի արդյունքները։
Ամփոփվել են Ռազմականացված հնգամարտի առաջնության արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»- թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության նախազորակոչային բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ավետիսյանը տեղեկացրել է, որ թիմերի միջև ծավալված առողջ մրցապայքարում առաջին պատվավոր տեղ է զբաղեցրել Ստեփանակերտի հավաքականը, երկրորդ տեղում` Ասկերանի, իսկ երրորդում Մարտունու հավաքական թիմն է:
Ռազմականացված հնգամարտի անհատական մրցապայքարում առաջին տեղն է զբաղեցրել Արսեն Մարտիրոսյանը (Մարտակերտի հ. 2 հիմնական դպրոց), երկրորդ տեղում Մարատ Հարությունյանն է (Ստեփանակերտի հ.9 հիմնական դպրոց), երրորդ տեղում՝ Կորյուն Փաշայանը (Ստեփանակերտի հ.2 դպրոց):
Վազքի մրցույթի լավագույն մարզիկ է ճանաչվել Ռոբերտ Աղաջանյանը:
«Նռնակի նետում» մարզաձևում լավագույնը Արսեն Մարտիրոսյանն է, «Վերելք շրջումով» մարզաձևում ՝ Անդրանիկ Գասպարյանը: Մարատ Հարությունյանը, գրանցելով բարձր ցուցանիշներ, լավագույնն է ճանաչվել ռազմականացված կրոսավազքում:
Թիմային հաշվարկում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՊԲ համապատասխան կարգի դիպլոմներով, պատվոգրերով, դրամական պարգևներով և արժեքավոր նվերներով:
Անհատական մրցումներում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները և մարզիչները պարգևատրվել են ԱՀ ԿԳՄՍՆ և ՊԲ պատվոգրերով, ստացել դրամական պարգևներ:
«Նկատելի էր, թե ինչպես են պայքարում դպրոցականները։
Այդ տարիքի դեռահասներին, պատանիներին ներհատուկ է մրցակցային ասպարեզում իրենց առավելագույնս դրսևորելու ցանկությունը, և, կարծում եմ, նրանք հաջողեցին։
Տարիների ընթացքում այս առաջնության արդյունքում գրանցված ցուցանիշներն էլ ավելի են բարձրանում, և յուրաքանչյուր տարի տեղի է ունենում անզիջում պայքար ամեն վայրկյանի համար»,-ընդգծեց Ա. Ավետիսյանը` առանձնանշելով, որ մարզական միջոցառումն աչքի ընկավ կազմակերպվածության բարձր մակարդակով։
Խրախուսվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիչները:
Սոսի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ղարիբ Ահարոնյանը, անդրադառնալով Մարտունու շրջանի հավաքականի` մասնակցության ընթացքում ցուցաբերած ակտիվության մակարդակին, նշեց, որ այնքան էլ գոհ չէ արդյունքներից, բայց համոզված է, որ հաջորդ տարի կմասնակցեն ավելի բարձր պատրաստվածությամբ։
«Սոսի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի դասապարապմունքները կազմակերպվում են բարձր մակարդակով, և օրեցօր ավելի մեծ ջանք ու եռանդով ենք աշխատում։
Դպրոցի մարզադահլիճում ամեն օր սպորտային խաղեր են կազմակերպվում, ինչը, բացի հետաքրքիր առօրյայից, պատրաստում է աշակերտներին այսօրինակ միջոցառումների»,- նշել է մեր զրուցակիցը։