Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել է սահմանի ճշգրտման աշխատանքներ:
Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ՀՀ ԱԱԾ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
«Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»,- ասված է հայտարարությունում։
ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։ ԱԱԾ-ի մարտի 30-ի հաղորդագրությունում նշվում էր, որ Սյունիքում ադրբեջանական կողմը՝ չսպասելով ճշգրտումներին, սահմանին տեղակայել է իր զորքերը։
Ըստ հաղորդագրության՝ սահմանային ճշգրտումներ են իրականացվել կապված 2022 թվականի օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: Նշվում էր նաև, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Ըստ գերատեսչության՝ հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջև, սակայն արդյունք չեն տվել: