Այսօր, ապրիլի 10֊ին, Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի ձեռամբ Մեռելոցի Սուրբ Պատարագ է մատուցվել և հոգեհանգստյան կարգ կատարվել:
Ստեփանակերտի հուշահամալիրի «Լուսո խորան» հուշակոթողի մոտ հոգեհանգստյան կարգ է կատարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեզ համար ննջեցյալների հիշատակը վառ պահելն ու նրանց համար աղոթելն այլևս դարձել է նվիրական մի պարտականություն, նամանավանդ, որ մենք վերջին ժամանակներում ունեցանք բազմաթիվ նահատակներ: Ինչպես Մակաբայեցիների գիրքն է մեզ հիշեցնում՝ ովքեր քաջությամբ նահատակվեցին, նրանք սրբեցին իրենց բոլոր մեղքերը և արժանացան Աստծո արքայությանը»,-ասել է պատարագիչ քահանան:
Պատարագից հետո Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ բոլոր հոգևորականներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ «Լուսո խորան» հուշակոթողի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:
Այնուհետև, հավատացյալների ուղեկցությամբ, քահանաները խնկարկել են հերոս նահատակների շիրիմները և Սուրբ Հարության ավետիսը փոխանցել Նրանց: