Մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված թեմատիկ համերգ՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և Արցախի պետական երգչախմբի համատեղ կատարումներով:
Ստեփանակերտում Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված մշակութային հուշ-երեկո է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:
«Այսօր բոլորս եկել ենք այս դահլիճ՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, ինքներս մեզ խոստանալու, որ մարդկության, մասնավորապես՝ հայության հանդեպ իրագործված ոճիրն անպատիժ չի մնալու: Այն չի մոռացվել ու չի մոռացվի քանի դեռ բաբախում է հայության համահավաք սիրտը»,-մեզ հետ զրույցում ասել է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանը՝ հավելելով, որ ծրագրի հիմքում Խաչատուր Ավետիսյանի «Տաղերգություն Եղեռնի զոհերի հիշատակին» օրատորիան է:
«Այսօր մենք հիշում ենք և պահանջում։ Ընտրել էինք թեմատիկ ստեղծագործություններ»,-մեզ հետ զրույցում նշել է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանը։
Հիշատակի երեկոյի ընթացքում հնչել են հայ անվանի երգահանների գործերից: Համատեղ համերգն ամփոփվել է Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և «Էրեբունի-Երևան» ոգեշնչող ստեղծագործությունների կատարմամբ: