Մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտները ընթացիկ տարվա մարտին առցանց ձևաչափով մասնակցել են Երևանում կայացած գեղարվեստական-երաժշտական, ինչպես նաև ֆրանսիական «Փարիզի աստղերը» խորագրով մրցույթներին՝ արժանանալով գլխավոր մրցանակի, գրավելով պատվավոր հորիզոնականներ:
Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները մրցանակային տեղեր են գրավել Երևանում և Ֆրանսիայում կայացած մրցույթներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախօրեին Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Միջոցառմանը պարգևատրվողները հանդիսատեսին են ներկայացրել իրենց այն կատարումները, որոնք հնչել են մրցույթներում:
«Մեր դպրոցից երկու մրցույթներին մասնակցել է 15 աշակերտ: Ցուցաբերած արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին, որ նրանց հետ քրտնաջան աշխատում են լավագույն մասնագետներ: Դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանն էլ պայմանավորվածություն էր ձեռք բերել մրցույթների կազմակերպիչների հետ, որպեսզի մեր երեխաները ևս հնարավորություն ունենան մասնակցելու: Շրջափակման պատճառով աշակերտները պարգևատրությանը ևս չկարողացան մասնակցել, ուստի որոշեցինք արարողությունն ասյտեղ կազմակերպել ՝ համատեղելով երաժշտական երեկոյի հետ»,-մեզ հետ զրույցում ասել է դաշնամուրի դասատու Արինա Հարությունյանը: